Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «Արհեստական բանականության ազդեցությունը դատական փորձաքննությունների նույնականացման գործընթացում» խորագրով միջազգային գիտաժողովին
Միջազգային փոխգործակցության շրջանակներում ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 18-ին տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել են Ռումինիայի Դատական փորձագետների ասոցիացիայի կազմակերպած «Արհեստական բանականության ազդեցությունը դատական փորձաքննությունների նույնականացման գործընթացում» խորագրով միջազգային գիտաժողովին:
Միջոցառմանը մասնակցում էին դատափորձագիտական բնագավառի առաջատար փորձագետներ, գիտնականներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռումինիայից, Կանադայից, Շվեյցարիայից, Պորտուգալիայից, Մոլդովայից, Ռուսաստանից, Հունգարիայից և այլ երկրներից:
Գիտաժողովի բացմանը Ռումինիայի Դատական փորձագետների ասոցիացիայի նախագահ, «Տիտու Մայորեսկու» համալսարանի գիտական ղեկավար Գեորգի Պոպան շնորհակալութուն հայտնեց միջազգային գործընկերներին սերտ համագործակցության համար՝ շեշտելով նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ վերջերս ձևավորված փոխգործակցության կարևորությունը:
Ռումինիայի Դատական փորձագետների ասոցիացիայի նախագահն ընդգծեց Հայաստանում սեպտեմբերի 25-27-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացման և Հայաստանում դատափորձագիտական ոլորտի զարգացմանն ուղղված ակտիվ ջանքերի ներդրման գործում Բյուրոյի ցուցաբերած նախաձեռնողականությունը:
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով և ելույթով հանդես եկավ նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն, բ.գ.թ. Արգամ Հովսեփյանը:
Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ վերջին տարիներին թվային տեխնոլոգիաների՝ այդ թվում արհեստական բանականության արագ զարգացումը հանգեցրել է դրանց կիրառման շրջանակների ընդլայնմանը ինչպես ներպետական, այնպես էլ անդրազգային հանցավորության շրջանում, ինչն իր հերթին դատափորձագիտական համայնքից պահանջում է համարժեքորեն զարգացնել իր հետազոտական կարողությունները հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն օժանդանելու նպատակով: «Դատական փորձաքննությունների բնագավառում հետազոտական հնարավորությունների առաջանցիկ զարգացումը մեծապես աջակցում է օրենքի գերակայության ապահովման և օրինականության հաստատման գործին: Նմանատիպ համաժողովների անցկացումը մասնակիցներին հնարավորություն է տալիս ոչ միայն բարձրաձայնել և քննարկել իրենց աշխատանքային գործունեության ընթացքում ի հայտ եկող խնդիրները, այլև նախանշել դրանց լուծման արդյունավետ ուղիները, իսկ փորձի փոխանակումը և համատեղ շփումները նպաստում են փորձագիտական անձնակազմի գիտելիքների ու հմտությունների կատարելագործմանը»,-իր խոսքում նշել է Բյուրոյի տնօրենը:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են զեկույցներ այնպիսի արդիական թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են՝ «Արհեստական բանականության կոդավորումը միջազգային իրավունքում. հնարավորություններն ու ռիսկերը», «Արհեստական բանականության իրավական բնույթը. Արհեստական բանականության վստահելիությունը», «Արհեստական բանականություն և քրեական արդարադատություն. ներկան և ապագան», «Արհեստական բանականության կիրառման ռիսկերը դատափորձագիտական նույնականացման գործունեության մեջ», «Արհեստական բանականությունը կիբերպատերազմում. ԱԲ-ի հարձակումները և դատափորձագիտական թվային մարտահրավերները» և այլն:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ համաժողովներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։
22 October 2024